Օրաթերթ
մարտ 10 երեքշաբթի
2009 տպագրության ի
տարի # 42 (2231)

 

 

 ԱՆՍՊԱՍԵԼԻ ԸՆԹԱՑՔ

«Յոթի գործով» դատավարության երեկվա նիստը անսպասելի ընթացք է ստացել. դատարանի դահլիճում դատի ավարտին «Յոթ» քաղբանտարկյալներից մնացել է միայն մեկը` Գրիգոր Ոսկերչյանը: Հինգ քաղբանտարկյալները տասը օրով հեռացվել են դատարանի դահլիճից, իսկ Շանթ Հարությունյանի մասով գործը կասեցվել է: Հարությունյանի  նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն: Շ.Հարությունյանին երեկ ներկայացրել էին դատարան, սակայն այդպես էլ նրան թույլ չի տրվել մասնակցել դատական նիստին: Նա ցանկացել է անձամբ ներկայանալ դատարանի դահլիճ եւ պարզաբանել, թե ինչու է ինքը հրաժարվում քրեակատարողական վարչության բժիշկների ծառայություններից եւ ինչու է պահանջում բժշկական ստուգում` իր հարազատների ներկայությամբ: Ինչ վերաբերում է հինգին, ապա դատավոր Մ. Մարտիրոսյանը երեկ որոշել է տասը օրով դատարանի դահլիճից հեռացնել քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Սուրեն Սիրունյանին: «Յոթի գործով» հերթական նիստը նշանակվել է այսօր` ժամը 12-ին:    

................................ 

Քոչարյանական տնտեսական զարգացում կոչվածը, որի գովքով տարիներ շարունակ մեր ուղեղները փորձում էին լվանալ, հիմնված էր կիսված ընտանիքի մոդելի վրա:  Մարդը` ՀՀ քաղաքացին, չկարողանալով Հայաստանում աշխատանք ու եկամուտ գտնել, մեկնում էր արտասահման, այնտեղ ինչ-որ ձեւով գումարներ հայթայթում եւ ուղարկում Հայաստան` իր ընտանիքը պահելու համար: Ու այս ֆենոմենը այնքան է տարածված Հայաստանում, որ ըստ էության` հայ հանրությունը վեր է ածվել մի մեծ կիսված ընտանիքի, որի մի մասը ապրում է այստեղ, իսկ մյուս մասը` արտերկրում: Հենց այս հանգամանքի վրա էր հիմնված այն, ինչ Քոչարյանի վարչախումբը անվանում էր Կովկասյան վագրի թռիչք: Փորձենք հասկանալ, թե այնուամենայնիվ, ինչպես էր աշխատում այդ համակարգը: Ընտանիքի` արտասահմանում գտնվող անդամները Հայաստան էին ուղարկում գումար: Այդ գումարով այստեղ գտնվողները գնում էին, առաջին հերթին, սնունդ: Սրա արդյունքում սկսեց աշխուժանալ սննդի առեւտուրը, առաջին հերթին` ներմուծումը: Սահմանի վրա այդ ներմուծվող սննդից մաքսատուրք էր գանձվում, եւ այդ գումարի մի մասը մտնում էր բյուջե: Հետո, քանի որ արտասահմանից ավելի շատ էին փող ուղարկում, մենք ավելի շատ էինք ուտում, ու բնականաբար` սնունդ ավելի շատ էր ներմուծվում, ու ավելի շատ գումար էր մտնում բյուջե: Բայց դե` որքան շատ սնունդ էր ներմուծվում, այնքան շատ մաքսավորներ էին հարկավոր դրանց ներմուծումը սպասարկելու համար: Մարդիկ դառնում էին մաքսավոր եւ աշխատավարձ ստանում եւ ավելացնում, ասենք, սննդի սպառումը: Այդ սնունդը ներկրում էին ընկերություններ, որոնք նույնպես ավելի շատ աշխատողներ ունենալու կարիք էին զգում, ու ստեղծվում էին հաշվապահների, առաքիչների, վարորդների հաստիքներ: Բնականաբար` սնունդը տեղափոխելու համար անհրաժեշտ էին լինում ոչ միայն նոր վարորդներ, այլեւ նոր մեքենաներ: Այդ մեքենաները ներմուծվում էին` առաջացնելով նոր մաքսավորների կարիք, նոր մուտքեր ապահովելով բյուջեի համար: Միեւնույն ժամանակ` այդ մեքենաները սպասարկման կարիք ունեն, եւ առաջանում էր մեքենաները սպասարկող մասնագետների կարիք: Մեքենաների սպասարկման համար անհրաժեշտ էին պահեստամասեր, քսայուղեր: Այսինքն` նոր ներմուծումներ, նոր տուրքեր, նոր աշխատատեղեր: Հա, բայց վերադառնանք սննդին: Այդ սնունդը, չնայած` ինչու միայն սնունդը` ներկրված ամբողջ ապրանքը, ի վերջո, վաճառվում էր խանութներում: 

Մենք արտասահմանից ստանում էինք փողերը, այցելում խանութ, ձեռք բերում օլիգարխների կողմից ներկրված սնունդ: Երբ կշտանում էինք, ու մեզ մոտ դեռ շարունակում էր մնալ արտերկրից ուղարկված փողից` գնում էինք հագուստ, ապա այցելում ատամնաբույժին, ապա գնում վարսավիրի մոտ, սրանք էլ տարբեր սարքավորումներ ու նյութեր էին ներկրում` մեզ սպասարկելու համար, մաքսատուրքեր վճարում, նաեւ աշխատավարձ ձեւակերպում, եկամտահարկ ու սոցապ վճար վճարում:

Այս ամենի արդյունքում բյուջեն լցվում էր, ուսուցիչները աշխատավարձ էին ստանում, բոլորը աշխատավարձ էին ստանում, ծախսում այդ աշխատավարձը, որի արդյունքում ծախսելու նոր տեղեր էին բացվում: Բայց քանի որ թե՛ սննդի, թե՛ այլ ապրանքների ներկրման, բիզնեսի ծավալման մենաշնորհներ գոյություն ունեին, այդ փողի հիմնական մասը մտնում էր օլիգարխների գրպանները, որոնք  իշխանությունից ստանում էին ներմուծման քվոտավորված մենաշնորհներ կամ տարբեր բիզնես ոլորտներ:

Իսկ արտասահմանից փողերը շարունակում էին գալ, եւ այդ փողերը տարբեր համամասնություններով բաշխվում էին տարբեր տեղեր, բայց տարբեր ճանապարհներով, միեւնույն է, մեծամասամբ հայտնվում էին օլիգարխների գրպաններում: Բայց քանի որ այդքան ուտել, հագնել, ավտո քշել հնարավոր չէ, առաջանում էր փողի ավելցուկ: Եթե մեր ձեռքն ընկած ավել փողի ծավալը մեծ չէր, մենք այն որպես ավանդ հանձնում էինք բանկին, եթե շատ էր, մտածում էինք տուն գնել. հայկական մենթալիտետում դա համարվում է լավագույն ներդրումը: Բայց եթե անգամ մեր փողը քիչ էր, ու մենք այն բանկում էինք դնում, բանկը դրանցով սկսում էր հիպոթեկային վարկեր տալ, ու տուն սկսում էին գնել ոչ միայն շատ, այլեւ քիչ փող ունեցողները: Այսպես անշարժ գույքի պահանջարկ առաջացավ, տների գները աճեցին: Հետո աճեցին այնքան, որ պարզվեց, որ շենք կառուցելը կարող է ձեռնտու լինել: Ու սկսվեց տնաշինարարության բումը, եւ այդ գործով զբաղվելու իրավունք ստացան նույն իշխանական օլիգարխները կամ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք Կենտրոնի շարքային բնակիչներին իրենց տներից վռնդում էին ու նրանց հողերի վրա շենքեր կառուցում:

Իսկ տուն կառուցում են քարից, որը արդյունահանվում է: Սա նշանակում է` քարի հանքերը սկսեցին աշխատել, աշխատավարձ տալ, հարկեր վճարել: Սկսեց աշխատել ցեմենտի արտադրությունը, արմատուրայի ներմուծումը, վերամբարձ կռունկների ներմուծումը, եւ այս բոլոր գործերով զբաղվում էին մերձիշխանական անձինք: Զուգահեռ` բանվորի, պատշարի, ինժեների, ճարտարապետի, էլեկտրիկի, հյուսնի պահանջարկ առաջացավ: Այս բոլոր մարդկանց ձեռքը փող ընկավ, ու նրանք էլ սկսեցին հագուստ գնել, կենցաղային տեխնիկա եւ այլն: Բայց հայկական խասիաթի համաձայն` մենք նախեւառաջ լավ սնվում էինք: Մինչ այդ, սկսել էր աշխուժանալ սննդի եւ թեթեւ արդյունաբերական ապրանքների տեղական արտադրությունը: Այդ աշխուժությունը նկատվեց` իհարկե, նաեւ Լինսի հիմնադրամի եւ այլ օգնությունների շնորհիվ:  

Իշխանությունը թմբկահարում էր տնտեսական զարգացման մասին, տնտեսական ռոբիկական հրաշքի մասին: Այսինքն` ուզում էր ապացուցել, որ ինչ-որ աներեւակայելի հրաշք է տեղի ունեցել: Բայց միայն «դեղին» մամուլը չէր ընդունում այդ ամենը, ասում էր, որ դա ընդամենը բլեֆ է, սուտ: Ի՞նչը ձեռ չէր տալիս, ուրեմն, այդ ընդդիմադիր «դեղին»  մամուլին: Իսկ ձեռ չէր տալիս այն, որ այդ ողջ տնտեսական հրաշքը Կրասնադարում ասֆալտ փռող բանվոր Բեդնի Ժորիկի ու Սարատովում պատ շարող ուստա Վարդանի տնավեր լինելու արդյունքն է, եւ միայն: Եթե Վարդանն ու Ժորիկը ռսի կնգա հետ պսակվեն ու մոռանան Հայաստանում մնացած Փառանձեմին ու Թագուհուն, նրանց լակոտներին, Հայաստանի տնտեսությունը քանդվելու է: Այն ժամանակ, երբ Հայկ Գեւորգյանը օրը երեք էջ այս մասին գրում էր, դա չափազանցություն էր թվում, անպատեհ խոսակցություն, մանավանդ որ` դոլարները հոսում էին: Ժորիկն ու Վարդանը փող ուղարկում էին, բայց` դոլարով: Ու որպեսզի Փառանձեմն ու Թագուհին խանութից ձավար կամ լվացքի մեքենա գնեին, պետք է այդ դոլարը դրամ դարձնեին: Բնականաբար` առաջինը պետք է այդ հարցով դիմեին հարեւան Մարգոյին: Բայց Մարգոյի ամուսին Վազգենն էլ է Ռուսաստանում, ու նրա ունեցած փողն էլ է դոլար: Բոլորով գնացին չենջ: Բոլորին դրամ է պետք, որ գնան ձեթ, ձավար կամ կենցաղային տեխնիկա գնելու: Ու այս պայմաններում` օլիգարխիան որոշեց, հնարավորինս էժան, Փառանձեմի, Թագուհու ու Մարգոյի ձեռից հավաքել նրանց ունեցած դոլարը: Դրամը սկսեց արժեւորվել, ու եթե օլիգարխիան նախկինում 100 դոլար ձեռքբերելու համար պետք է ծախսեր 50 հազար դրամ, մի ինչ-որ պահի դա կարելի էր անել արդեն 30 հազար 500 դրամ ծախսելով: Մինչ Քոչարյանը էժան դոլար էր հավաքում, դրանից տուժեցին Հայաստանում էծի պանիր ու թթու արտադրողները: Ինչու տուժեցին` որովհետեւ իրենք, դիցուք` մի բանկա թթու արտադրելու համար ծախսում են հազար դրամ: Այդ հազար դրամը ներառում է մեկ բանկա թթու արտադրելու համար աշխատողին վճարվող աշխատավարձը, հարկերը, հոսանքի փողը եւ այլն: Հազար դրամը մի բանկա թթվի ինքնարժեքն է: Մի ժամանակ, այդ հազար դրամը երկու դոլար էր, հիմա` դրամի արժեւորման արդյունքում, արդեն դարձել էր երեք ու չգիտեմ քանի դոլար: Այսինքն` մի ժամանակ այդ մի բանկա թթուն Հայաստանի արտադրողը կարող էր արտասահմանում վաճառել երկուսուկես դոլարով եւ կես դոլար շահույթ ստանալ: Իսկ հիմա արդեն Հայաստանում արտադրված թթուն պիտի երեքուկես դոլարով վաճառի` կես դոլար շահույթ ստանալու համար: Բայց եթե առաջ կես դոլարը 250 դրամ էր, հիմա արդեն այդ կես դոլարը 153 դրամ է: Եթե առաջ հազար դրամ շահույթ ստանալու համար արտադրողը արտերկրում պետք է վաճառեր չորս բանկա թթու, հիմա արդեն հազար դրամ շահույթը հնարավոր է միայն վեցուկես բանկա թթու վաճառելու դեպքում:

Սա քիչ էր` մեր արտադրողը,  արտասահմանում դեռ շուկա չգրաված, արդեն վաճառքի ծավալի անկում ունեցավ, որովհետեւ գնի բարձրացումը նշանակում է սպառման անկում: Խեղճ Հայկ Գեւորգյանը ամեն օր գրում էր, թե մենք կորցնում ենք մեր մրցունակությունը, թե դրամի արժեւորման այսօրինակ քաղաքականությունը կործանարար է: Եւ իրոք այդպես էր, որովհետեւ տեղական արտադրողի գործերը վատացան, իսկ ներմուծողինը` լավացան, որովհետեւ ներմուծողը իր մարինադ վարունգի մեկ բանկան առաջվա նման դրսից գնում է երկու դոլարով: Ու եթե առաջ այդ վարունգը Հայաստանում պետք է վաճառեր առնվազն հազար հարյուր դրամով` շահույթ ունենալու համար, հիմա արդեն կարող է վաճառել 800 դրամով ու ավելի մեծ շահույթ ունենալ, որովհետեւ մի ժամանակ հազար դրամը երկու դոլար էր, իսկ հիմա 800 դրամը մոտ երեք դոլար է: Իսկ տեղական արտադրողը, հիշում եք, մի բանկա թթու արտադրելու համար շարունակում է ծախսել հազար դրամ: Այդպիսով` տեղական թթուն խանութում արժե հազար հարյուր դրամ, իսկ ներմուծածը` 800 դրամ: Իսկ սա նշանակում է, որ տեղական արտադրողը կորցրեց ոչ միայն դրսի, այլեւ ներսի շուկան կամ` դրա զգալի մասը: Բայց դե` ոչինչ, Ժորիկն ու Վարդանը  ավելի շատ փող են ուղարկում, եւ տեղական թթուն էլի ինչ-որ չափով վաճառվում է, մանավանդ որ` ավելի համով է: Երկրում փող կա, շատ փող: Բայց Հայկ Գեւորգյանը էլի դժգոհ է: Ի՞նչ է պատահել, այ ախպեր, հիմա՞ ինչից ես դժգոհ: Ասում է` փաստացի մեր երկրի ներսում փող չի ստեղծվում, արդյունք չի ստեղծվում: Հենց Ժորիկն ու Վազգենը փող չուղարկեն` քաշվում ենք: Այ ախպեր, գնա գործիդ` մեր Ժորիկն ու Վազգենը մեզ մոռացող տղերք չեն. կեր-խմի-քեֆ արա շարունակ:

Ու էստեղ մտնում է տնտեսական ճգնաժամը` սիպտակ կաստյում-շըլվարով: Ժորիկի ու Վարդանի գործը վատանում է: Ռուսաստանում տուն սարքող չկա, ասֆալտ փռելու տարբերակ էլ չկա, սա նշանակում է, որ Ժորիկն ու Վարդանը գործ չունեն ու Հայաստան փող չեն ուղարկում: Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ Փառանձեմն ու Թագուհին հանում են բանկում իրենց պահած փողերը ու սկսում են ծախսել: Բայց շուտով այդ փողերը վերջանում են: Փառանձեմն ու Թագուհին սկզբում ավելի հազվադեպ են գնում վարսավիրի մոտ, ատամները սարքելու գործը կանգնեցնում են, շոր չեն առնում` նախորդ տարի առածով յոլա են գնում, ու նստում են դիետայի վրա: Սա նշանակում է, որ արտասահմանից այլեւս առաջվա չափ մազերի ներկ չի ներմուծվում, մաքսատուրք չի վճարվում, ատամի կերամիկա չի ներմուծվում, մաքսատուրք չի վճարվում, ատամնաբուժարանի եկամուտները պակասում են, վարսավիրանոցինն էլ: Վարսավիրն ու ատամնաբույժը չեն գնում խանութից թթու առնելու, Փառանձեմն ու Թագուհին չեն գնում չենջում դոլար մանրելու` դրա բացակայության պատճառով, դոլարը դառնում է դեֆիցիտ ապրանք ու թանկանում է: Բայց ողբերգությունը սա չէ, այլ այն, որ մենք, մեկ էլ` մեզ համար անսպասելի արձանագրում ենք, որ մեր երկրում իրական արդյունք չի ստեղծվում, բացի Ժորիկից ու Վարդանից` երկիրն արտարժույթով ապահովող ուրիշ համակարգ չկա, գոյություն չունի մի այնպիսի համակարգ, որ մեր քաղաքացուն հնարավորություն կտա սեփական երկրում ապրել ու ընտանիք կերակրել: Ու եթե վերջին ութ տարվա մեջ  Հայաստանում ինչ-որ շարժ տեղի է ունեցել, դա ընդամենը Վարդանի ու Ժորիկի շնորհքն է եղել, որոնք, փաստորեն, տնից-տեղից կտրվել, երկու կոպեկ են աշխատել, որ մյուսները իրենց տներում ապրելու ինչ-որ հնարավորություն ստանան: Ու էս ողջ տնտեսական հրաշքը ոչ թե Վարդանին ու Ժորիկին տուն վերադարձնելու համար է եղել, այլ նրանց ուղարկած փողը Փառանձեմի ու Թագուհու ձեռքից վերցնելու ու օլիգարխիայի գրպանը տեղափոխելու, ապա եւ` հինգ հազար դրամ բաժանելու, սափրագլուխ քիլերներով իշխանություն զավթելու համար: Սա է քոչարյանական երկնիշ տնտեսական աճի իրական պատկերն ու նկարագիրը: Ու տնտեսական վագրաձեւ բազմամյա թռիչքներից հետո մեկ էլ հանկարծ պարզվում է, որ այդ` թռիչքներ ապրած երկիրը հինգ միլիարդ, լավ` չորս միլիարդ, լավ` երեք միլիարդ, լավ` երկու միլիարդ փող չունի, որ Ռուսաստանում աշխատանքը կորցրած ու գլխիկոր Հայաստան վերադարձող Ժորիկին ու Վարդանին մի կիսաքաղցր աշխատատեղով ապահովի: Եւ սա` այն դեպքում, երբ այդ ընթացքում երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնած մարդուն արտերկրյա մամուլը համարում է երկու միլիարդանոց տղա, որը Նամիբիայում ոսկու հանքեր է առնում: Ինչո՞ւ ես Նամիբիայում առնում` արի քո վագրաձեւ թռչող հայրենիքում ներդրումներ արա: Իսկ նրա օրթախ ընկերները` վազում, իրենց փողերը դնում են Խորվաթիայում եւ Չինաստանում եւ սա թաքցնում «պաշտոնական այցի» քողի տակ, որ ոչ ոք գլխի չընկնի:

Հետո պարզվում է` տասը տարի վագրի թռիչքով առաջ շարժված երկիրը հնար չունի իր հարկատուների հարկային բեռը մի քիչ թեթեւացնելու: Ու չնայած մի քանի տարի առաջ նրա անունը որոշ կազմակերպություններ դնում էին Սինգապուրի ու Մալայզիայի կողքին, հիմա` ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, Հայաստան անունը այդ նույն կազմակերպությունները դնում են Կոնգո եւ Զիմբաբվե անունների կողքին: Սա՞ է ձեր տնտեսական հրաշքը, որի արդյունքում Ժորիկի ու Վարդանի աշխատած հանապազօրյա փողը հոսեց մի քանի օլիգարխների ու պաշտոնյաների գրպանը, իսկ հիմա գնում է Չինաստան, Նամիբիա, Խորվաթիա եւ բազմաթիվ ուրիշ տեղեր, որովհետեւ պարզվում է` Հայաստանում տնտեսություն չկա, որում հնարավոր լինի ներդրում անել: Հայաստանում միայն տնտեսության ֆուտլյար կա, որը միայն շեղող դեր էր խաղում, եւ Հայաստանի իրական տնտեսական տեղը Զիմբաբվեի եւ Կոնգոյի արանքում է: Ի դեպ, գիտե՞ք` Զիմբաբվեում հացը ինչ արժե` մոտ երկու միլիարդ տեղական դոլար: Այսինքն` մի կիլո հաց առնելու համար երկու կիլո փող ես տալիս: Ինչո՞վ տնտեսական հրաշք չէ: 

 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
www.nikolpashinyan.com

 

ՄԿԱՆ, ՆԵՐՍԻԿԻ, ՄՀԵՐԻ ԲԱԼԵՔԸ` ԹԱՂԱՊԵՏԵ՞Ր

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ իշխանության ներսում արդեն մայրաքաղաքի համայնքները բաժան-բաժան են արվել: Ինչպես փոխանցում են իրազեկ աղբյուրները, իշխանության ներսում արդեն որոշել են, որ Ավանի գործող թաղապետ Տարոն Մարգարյանի` փոխքաղաքապետ դառնալուց հետո նրա փոխարեն թաղապետ է նշանակվելու  ՀՀ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանը, Էրեբունու թաղապետ է նշանակվելու Թոխմախի Մհերի որդին` Դավիթ Սեդրակյանը, իսկ Կենտրոն համայնքի թաղապետ է նշանակվելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին: Համենայնդեպս, նման խոստումներ տրվել են:    

 ՇՆՈՐՀԱՎՈՐ

Այսօր լրանում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Արցախյան պատերազմի մասնակից Սմբատ Այվազյանի ծննդյան 50-ամյակը: «ՀԺ»-ի ողջ խմբագրակազմը սրտանց շնորհավորում է Սմբատ Այվազյանին 50-ամյակի առթիվ եւ  նրան մաղթում ամենայն բարիք:

 ԸՆԴՀԱՏԱԿԻՑ

Մեր թերթի վաղվա համարում կտպագրվի ֆոտոռեպորտաժ ընդհատակից` «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր, Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբի անդամ, անցյալ տարվա մարտի 1-ից ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանի մասին:
 

 Էջ 2

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՎՃՌԻՆ 

Սպասվում է, որ այս շաբաթ ընդդիմությունը կորոշի` մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է ընդդիմադիր միասնական ճակատո՞վ, թե՞ առանձին: 

Երեկվա դրությամբ բանակցությունները Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» միջեւ դեռ շարունակվում էին: Եւ կախված այն բանից, թե ինչ կորոշի ընդդիմությունը, վերջնականապես կկողմնորոշվի նաեւ իշխանական կոալիցիան: Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, իշխանությունը ներքին օգտագործման սոցհարցում է արել Երեւանի բնակչության շրջանում, եւ այժմ իշխանության համար սույն ընտրություններում ամենաանցանկալի բանն այն է, որ «Ժառանգությունը» եւ Հայ ազգային կոնգրեսը հանդես գան միասնական թեկնածուով: Ըստ իշխանական աղբյուրներից ստացած հավաստի տեղեկությունների, եթե ընդդիմությունը որոշի Երեւանի քաղաքապետի ընտրություններում հանդես չգալ միասնական թեկնածուով, ապա, ամենայն հավանականությամբ, «Բարգավաճ Հայաստանը» սեփական թեկնածու այդ ընտրություններում չի առաջադրի, այսինքն` հանդես կգա ՀՀԿ-ի հետ եւ կսատարի Սերժ Սարգսյանի թեկնածուին` Գագիկ Բեգլարյանին: Եւ սա` չնայած այն հանգամանքին, որ կոալիցիայի մաս կազմող ուժերն արդեն հայտարարել են, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են առանձին-առանձին: Բայց եթե ընդդիմությունը կայացնի հակառակ որոշումը, այսինքն` հանդես գա միասնական թեկնածուով, ԲՀԿ-ն կկազմի իր ցուցակը եւ կփորձի ընդդիմադիր կեցվածք ընդունել, որպեսզի հնարավորինս ձայներ տանի ընդդիմությունից` օգնելով Սերժ Սարգսյանի թեկնածուին: Դրանով է պայմանավորվում այն, որ ԲՀԿ-ն առ այսօր իր համամասնական ցուցակը չի կազմել եւ հայտնի չէ, թե ով կարող է գլխավորել սույն ցուցակը: Հայ հեղափոխական դաշնակցությունում եւս ցուցակ կազմելու հարցում որեւէ կերպ չեն կողմնորոշվում: Ինչպես տեղեկացրել ենք, Վահան Հովհաննիսյանն արդեն հրաժարվել է գլխավորել ՀՅԴ ցուցակը: Սույն ցուցակը գլխավորելուց հրաժարվել է նաեւ Արմեն Ռուստամյանը: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ում քննարկվել է ընդհուպ մինչեւ ԱԺ «Մարտի 1-ի» հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանի թեկնածությունը, բայց հետո պարզվել է, որ Մինասյանը վերջին 3 տարում Երեւանում մշտապես հաշվառման մեջ չի եղել, ինչպես պահանջվում է «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով: Մի խոսքով, դաշնակցականներն, ինչպես երեւում է, չեն ցանկանում մտնել այս խաղի մեջ: Իշխանական կուլիսներում չեն բացառում, որ վերջին պահին ՀՅԴ-ն եւս որոշի սատարել Երեւանի քաղաքապետի ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածուին` Երեւանի նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Իսկ մինչ իշխանական կոալիցիան սպասում է, ընդդիմադիր դաշտում ակտիվորեն քննարկվում է ոչ միայն մասնակցության հարցը, այլ նաեւ միասնական թեկնածուի հարցն ու միասնական ցուցակը: «Ժառանգություն» կուսակցությունում, պարզվում է, բոլորը, առանց բացառության, կողմ են, որպեսզի Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդդիմությունը մասնակցի ընդդիմադիր միասնական ցուցակով, այսինքն` միասնական թեկնածուով: «Ժառանգությունում» լուրջ քննարկման առարկա է դարձել Երեւանի քաղաքապետի ընտրություններում որպես ընդդիմության միասնական թեկնածու ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը առաջադրելու հարցը: «Ժառանգությունում» քննարկվել է նաեւ շարժման` ընդհատակում գտնվող մեկ այլ ներկայացուցչի` Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Վերջինս, սակայն, վերջին 3 տարում Երեւանում մշտական հաշվառման մեջ չի եղել, ինչպես պահանջվում է օրենքով: Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանի թեկնածությանը, ընդդիմության ներկայացուցիչների մոտ համոզմունք կա, որ իշխանությունները կարող են բյուրոկրատական խոչընդոտներ ստեղծել, մասնավորապես` տեղեկանք չտրամադրել Սուքիասյանի` վերջին 3 տարում Երեւան քաղաքում մշտապես բնակվելու մասին: Այդուհանդերձ, Սուքիասյանի թեկնածության հարցը օրակարգից դուրս չի եկել: Երեկ մեզ հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ քննարկվել են հանրության կողմից ընդունված եւ հարգված բոլոր անձանց անունները ե՛ւ «Ժառանգությունից», ե՛ւ Կոնգրեսից: Վերջնական որոշումը, ըստ նրա, կախված է բանակցող կողմերի դիրքորոշումից` միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալու հարցում: Ըստ Մարտիրոսյանի, իրենց համար շատ կարեւոր է ոչ միայն այն, թե ով է գլխավորելու ընդդիմության միասնական ցուցակը, այլ նաեւ ցուցակն ամբողջությամբ: «2-րդ կամ 10-րդ համարը նվազ կարեւոր չեն, քան առաջինը: «Ժառանգության» պարագայում երեւաց, որ կարեւորը թիմն է: Մենք քննարկում ենք բոլոր հավանական տարբերակները: Կոնկրետ որեւէ մեկին հակված չենք, որովհետեւ կա ցուցակի խնդիր, որը իր տրամաբանությամբ բերի առաջին համարին: Այսինքն` կախված այն բանից, թե ով կլինի առաջին համարը, ցուցակը պետք է լիարժեք համապատասխանի այդ թեկնածությանը»,- ասում էր Արմեն Մարտիրոսյանը: «Ժառանգությունն» առաջարկում է այդ ցուցակում ընդգրկել երիտասարդ, նոր անուններ: «Ժառանգությունում», ի դեպ, լուրջ քննարկման առարկա է եղել նաեւ Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունը: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, մեր հարցերին ի պատասխան, ասաց. «Ներկայումս քննարկվում է ե՛ւ մասնակցության հարցը, ե՛ւ այն, թե արդյո՞ք ընդդիմությունը հանդես է գալու միասնական թեկնածուով»: Ըստ Մուսինյանի, իրենք ավելի շատ հակված են մասնակցելուն, իսկ մնացածը կորոշվի այս շաբաթվա ընթացքում:           

   ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

................................ 

«լեզու կգտնե՞ն» Օբամայի հետ

Շաբաթ օրը պաշտոնական այցով Թուրքիա էր մեկնել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այցի ամենասկզբում Քլինթոնը «աչքալուսանք է արել», որ ապրիլի սկզբներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանելու է Թուրքիա: Սրանով Քլինթոնը հասկացրել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը առանձնահատուկ տեղ է տալիս Անկարայի հետ հարաբերություններին: Դատելով Թուրքիայի ղեկավարության հետ Քլինթոնի քննարկած հարցերի լայն շրջանակից` կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ն մտադիր է մի շարք կարեւոր հարցերի շուրջ սկզբունքային համաձայնության գալ Անկարայի հետ: Այդ հարցերի շրջանակում, անշուշտ, առանձնահատուկ տեղ է գրավում նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեման չի շրջանցվել Թուրքիայի նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումներում: Չնայած տվյալ թեմայի շուրջ քննարկումների մասին մանրամասն տեղեկություններ առայժմ չկան, սակայն դրա վերաբերյալ որոշակի պատկերացում կարելի է կազմել Քլինթոնի այցից հետո թուրքական իշխանությունների արձագանքներից:

Այսպես, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը երեկ NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը հաշվի է առնում Թուրքիայի դիրքորոշումն ու վերջինիս զգայունությունը 1915 թվականի իրադարձությունների հանդեպ: «ԱՄՆ-ի նոր վարչակազմը շատ լավ գիտի Թուրքիայի դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ, հստակ ըմբռնում է, որ դա Անկարայի համար ցավոտ հարց է: Ուստի ես կոչ կանեի Բարաք Օբամային` զերծ մնալ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելուց, քանզի ԱՄՆ նախագահի այդ քայլը կարող է խոչընդոտել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերին»,- ավելացրել է Բաբաջանը (ի դեպ, խոսելով Երեւանի եւ Անկարայի շփումների մասին` Բաբաջանը նշել է, որ դա շարունակական գործընթաց է, որը սկիզբ է առել դեռ 2007-ի սեպտեմբերին, սակայն  մեկ տարի շարունակ հայկական կողմի խնդրանքով գաղտնի է ընթացել): Սակայն այսքանով հանդերձ, նա նշել է, որ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգ դեռեւս կա, մանավանդ որ` նախընտրական շրջանում Օբաման հինգ անգամ նման հայտարարություն է արել: Միաժամանակ, Բաբաջանը հույս է հայտնել, որ տվյալ հարցը կարող է լուծվել առանց խնդիրների եւ ամերիկա-թուրքական հարաբերություններին վնասելու: Ընդհանուր առմամբ, թուրք դիվանագետը նախկինի համեմատ բավականին լավատեսորեն է տրամադրված եղել: Նա բարձր է գնահատել Հիլարի Քլինթոնի այցի արդյունքները: Ստացվում է այնպես, որ պետքարտուղարը Թուրքիայի իշխանություններին որոշակի հույսեր է տվել, որ ապրիլի 24-ին Բարաք Օբաման չի օգտագործի «ցեղասպանություն» բառը: Այս տեսակետի օգտին է խոսում թեկուզեւ Քլինթոնի` Անկարայում արած այն հայտարարությունը, թե «նախագահին կզեկուցի, որ իրեն Անկարայում դրական մթնոլորտում են սպասում»: Դատելով Ալի Բաբաջանի հայտարարություններից` կարելի է ենթադրել, որ Անկարայում առանձնակի հույսեր են կապում Օբամայի այցի հետ, որը տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության հերթական տարելիցից առաջ: Այնպես որ, Անկարայում հույս ունեն մինչ այդ օրը «լեզու գտնել» Օբամայի հետ: Թուրքերը հույս ունեն նաեւ ԱՄՆ-ի աջակցությամբ ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին: Ամեն դեպքում, որոշ թուրքական ԶԼՄ-ներ, հղում անելով իրենց հավաստի աղբյուրների վրա, պնդում են, որ Օբամայի այցի ընթացքում քննարկվելու է նաեւ այդ գործընթացին Թուրքիայի ներգրավման հնարավորությունը:        

ՄԱՆՎԵԼ ՄԱՆՎԵԼՅԱՆ

................................ 

տրանսֆերտները կրճատվել են

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2009-ի հունվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով ստացվել են 43,6 միլիոն ԱՄՆ դոլարի ոչ առեւտրային բնույթի փոխանցումներ: Այդ ցուցանիշը 27,6 տոկոսով պակաս է` 2008-ի հունվարի համեմատ (60,2 միլիոն դոլար): Միաժամանակ, Հայաստանից դեպի Ռուսաստան նույն ժամանակահատվածում փոխանցվել է 5,9 միլիոն դոլար` 2008-ի հունվար ամսվա 6,8 միլիոն դոլարի փոխարեն (13,1 տոկոսի նվազում): Ռուսաստանին բաժին է ընկել ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված ոչ առեւտրային բնույթի փոխանցումների 78,4 տոկոսը, 2008-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 81,2 եւ 37,2 տոկոս: ՀՀ ԿԲ տվյալներով, ընթացիկ տարվա հունվար ամսին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել են 55,6 միլիոն դոլարի ոչ առեւտրային բնույթի միջոցներ` 2008-ի հունվար ամսվա համեմատ կրճատվելով 25 տոկոսով: Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտերկիր փոխանցվել է 11,1 միլիոն դոլար` կրճատվելով 38,8 տոկոսով: Արդյունքում` հունվարին միջոցների զուտ մուտքը կազմել է 44,5 միլիոն դոլար՝ կրճատվելով 20,5 տոկոսով:

................................  

առանց մեկնաբանության

Ռոբերտ Քոչարյանը հերթական ցնցող քայլն է արել: Ինչպես տեղեկացրել էինք ժամանակին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հունվարի 1-ին քաղաքական գործիչներին խորհրդանշական բացիկներ էր ուղարկել: Օրինակ` Ռոբերտ Քոչարյանին գանգերի նկար էր ուղարկել, Լեւոն Տեր-Պետրոսյանին` Մալեւիչի «Սեւ քառակուսին», Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին` բետոնե պատերով շենքերի նկարներ եւ այլն: Եւ ահա Ռոբերտ Քոչարյանը որոշել է Զարուհի Փոստանջյանին մարտի 8-ի առթիվ պատասխան բացիկ ուղարկել: Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում հաստատեցին մեր տեղեկություններն այն մասին, որ Քոչարյանը Զարուհի Փոստանջյանին ուղարկել է ֆրանսիացի  աշխարհահռչակ էքսպրեսիոնիստ Տուլուզ Լոտրեկի «Երկու կիսամերկ կանայք Մուլեն Ռուժում» հայտնի նկարի բացիկը: Հիշեցնենք, որ Քոչարյանը տասը տարի շարունակ զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը: Կարծում ենք` մեկնաբանություններն այստեղ ավելորդ են:    

 Էջ 4

ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ ՀԵՌԱՑՎԵԼՆ ԻՐ ԳԻՆՆ ՈՒՆԻ 

Երեկ «Յոթի գործով» դատավարության նիստի ավարտին քաղբանտարկյալներից դահլիճում մնաց միայն Գրիգոր Ոսկերչյանը:  

Քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին եւ Սուրեն Սիրունյանին դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նույն ինքը` Մացոն, որոշեց տասն օրով հեռացնել դատարանի դահլիճից: Իսկ մինչեւ այդ, Մացոն որոշել էր անորոշ ժամանակով դատից հեռացնել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին` նրա մասով քրեական գործի վարույթը կասեցնելով եւ նրա նկատմամբ նշանակելով դատաբժշկական փորձաքննություն:  

յոթից հանած մեկ

Շանթ Հարությունյանի հետ կապված պատմությունը սկսվել էր դեռեւս անցած շաբաթվա վերջին, երբ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, հրաժարվում է սնունդ ընդունել եւ տառապում է անքնությամբ: Հարությունյանը հրաժարվել էր օգտվել «Վարդաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների բժիշկների ծառայություններից եւ պահանջել էր իրեն հնարավորություն տալ բժշկական զննության ենթարկվել եւ բուժում ստանալ իր ընտանիքի մատնանշած բժիշկների մոտ` նրանց ներկայությամբ: Շանթ Հարությունյանի վերը բերված պահվածքը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը որակել էր որպես հոգեկան խանգարման հնարավոր ապացույց եւ այդ մասին գրություն ուղարկել Մացոյին: Հենց այդ գրության հիման վրա էլ Մացոն դատական նիստի սկզբում որոշեց Շանթ Հարությունյանի մասով քրեական գործի քննությունը կասեցնել եւ դատաբժշկական փորձաքննություն նշանակել` քաղբանտարկյալի հոգեկան վիճակի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

Մացոյի նման որոշումը առաջացրեց քաղբանտարկյալների դժգոհությունը, եւ նրանք պահանջեցին դատավորից` հնարավորություն տալ, որ Շանթ Հարությունյանը ստուգվի եւ բուժվի իր հարազատների նախընտրած բժշկական հաստատությունում: Քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը Մացոյի որոշման առնչությամբ նկատեց, որ նման պայմաններում, երբ անմեղ մարդկանց մեկ տարուց ավելի` անհիմն եւ անհեթեթ մեղադրանքներով պահում են անազատության մեջ,  ինչ-որ առումով ցանկացած մարդ կարող է հոգեկան խանգարում ստանալ:  

հեռացումը` միայն հայհոյանքի դիմաց

Դատավարության ընթացքում կրքերը առավել լարվեցին այն բանից հետո, երբ մեղադրող Հովսեփ Սարգսյանը անուղղակի ձեւով փորձեց վիրավորել մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հորը` Սարգիս Քլոյանին: Վերջինս դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, ինչի առնչությամբ Սարգսյանը հայտարարեց, թե նրա գիտելիքները բավարար չէին նման փաստաթուղթ կազմելու համար: Արդյունքում` Մյասնիկ Մալխասյանը, մեղադրողի նման պահվածքի վրա զայրացած, նրան կարգի հրավիրեց: Մացոն առավել սրեց իրավիճակը` փորձելով Մալխասյանին սաստել, որպեսզի նա չխոսի, եւ հայտարարեց, թե նկատողություն է հայտարարում նրան` առանց իր թույլատվության խոսելու համար: Սրան հետեւեց քաղբանտարկյալների արձագանքը: Սասուն Միքայելյանը Մացոյից պահանջեց պարզաբանել, թե ինչի համար է Մալխասյանին նկատողություն հայտարարում, եւ լսելով, որ դատավորը իրեն եւս նկատողություն է հայտարարում, խոսքն ուղղեց Մացոյին եւ մեղադրողներին. «Դե սի.... եղեք»: Այնուհետեւ Սասուն Միքայելյանը վեր կացավ եւ ուղեւորվեց դեպի դահլիճի դուռը: Մինչ ուղեկցողները փորձում էին փակել ճանապարհը, որ նա դահլիճից դուրս չգա, Մացոն հայտարարեց, որ Միքայելյանին տասն օրով հեռացնում է դատարանի դահլիճից: Այդ ժամանակ քաղբանտարկյալները պահանջեցին իրենց եւս հեռացնել դահլիճից: Սակայն դատավորը հասկացրեց, որ քաղբանտարկյալների պահանջը միայն մեկ դեպքում կկատարի` եթե նրանցից յուրաքանչյուրը իրեն առնվազն մեկ հայհոյանք կամ այլ քաղցր խոսք նվիրի: Դրանից հետո քաղբանտարկյալները հերթով ասում էին, թե ինչ են մտածում դատավորի եւ մեղադրողների մասին, երբեմն` այդ ամենը վերաբերում էր նաեւ նրանց ծագումնաբանությանը: Ասենք` Հակոբ Հակոբյանը Մացոյին եւ մեղադրող Կորյուն Փիլոյանի ղեկավարած դատախազական ջոկին բնորոշեց որպես «լրբի ծնունդներ», ինչը նրան իրավունք տվեց լքել դատարանի դահլիճը: Իսկ Մյասնիկ Մալխասյանը դահլիճից դուրս եկավ այն բանից հետո, երբ դատավորին եւ մեղադրողներին բնորոշեց որպես «պի....», ինչի համար Մացոն այլեւս չառարկեց նրա` դահլիճից դուրս գալու դեմ: Իսկ Ալեքսանդր Արզումանյանը Մացոյին ասաց, որ նա սադրիչ է եւ դատարանի դահլիճում զբաղված է պրովոկատորությամբ եւ ամեն քայլին պրովոկացիաներ է սարքում: Այսքանը դատավորին բավարար էր` Արզումանյանին դահլիճից հեռացնելու համար, եւ նա չփորձեց ավելին պահանջել: Իսկ Սուրեն Սիրունյանի զայրացած խոսքի բառերը առանձնապես չէին հասկացվում, քանի որ բարձրախոսները արդեն չէին կարողանում դահլիճում տեղի ունեցողը վերարտադրել: Ակնհայտ էր միայն մեկ բան, որ Մացոն եւ մեղադրողները բավարարված էին, որովհետեւ դատավորը նրա «հեռացումը» եւս հաստատեց: Արդյունքում` դահլիճում մնաց միայն Գրիգոր Ոսկերչյանը: Վերջինս հայտարարեց, որ ինքը համամիտ է իր քաղբանտարկյալ ընկերների արտահայտած բոլոր մտքերի եւ գնահատականների հետ եւ ցանկանում է, որ ինքը եւս հեռանա դահլիճից: Սակայն Մացոն դեմ էր Ոսկերչյանին «անվճար» հեռացնելու տարբերակին եւ թերեւս ցանկանում էր, որ նա կոնկրետացնի, թե  քաղբանտարկյալների հատկապես որ բնորոշումների հետ է համակարծիք: Ուստի, Գրիգոր Ոսկերչյանի հեռացումը  դահլիճից չկայացավ: Մացոն հայտարարեց, թե գնում է խորհրդակցական սենյակ` Սարգիս Քլոյանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Ակնհայտ էր, որ երբ Մացոն վերադառնա դահլիճ, Ոսկերչյանը ինչ-որ կերպ պետք է նրա ցանկությունը կատարի` ինչ-որ վիրավորական արտահայտություններ արտաբերելով, որպեսզի դատավորը համաձայնի իրեն եւս հեռացնել: Ոսկերչյանը նախընտրեց դատավորին արհամարհելով, այն է` նրա գալուստը նստած դիմավորելով հեռացման արժանանալ, սակայն` ապարդյուն: Մացոն բավարարվեց այդ քայլի դիմաց  ընդամենը նախազգուշացում տալով: Իհարկե, Ոսկերչյանը բողոքեց նրա` նման խտրական մոտեցման դեմ, քանի որ նախկինում դատական նիստեր տեղի չէին ունենում միայն այն բանի համար, որ Մացոն քաղբանտարկյալներին դատարանի դահլիճից հեռացնում էր ոտքի չկանգնելու համար: Իսկ այժմ ոտքի չկանգնելու համար նույն դատավորը բավարարվում է ընդամենը նախազգուշացում հայտարարելով` այն դեպքում, երբ քաղբանտարկյալն իրենից հեռացում է ակնկալում: Ինչեւէ, քանի որ Սարգիս Քլոյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշումը Մացոյի կողմից հրապարակվելուց հետո նիստը ընդմիջվեց մինչեւ այսօր, ուստի Ոսկերչյանը ստիպված է կրկին անգամ փորձել «վաստակել» իր հեռացումը:

Ի դեպ, Սարգիս Քլոյանը դատավորից պահանջել էր ինքնաբացարկ ներկայացնել, քանի որ Մացոն, «Յոթի գործը» վարույթ ընդունելուց ի վեր, իր գործողություններով ապացուցել է, որ ինքը կողմնակալ է եւ չի կարող անաչառ դատ վարել: Բացի այդ, դատավորը մինչ օրս թույլ չի տալիս, որ զոհի իրավահաջորդները նիստերին իրենց ներկայացուցիչների հետ միասին ներկայանան եւ իրենց շահերը պատշաճ պաշտպանեն:

Երեկվա դատական նիստում Մացոն հասցրեց մերժել ինքնաբացարկի եւս մեկ միջնորդություն, որը ներկայացրեց Գրիգոր Ոսկերչյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Նա դատավորին մեղադրեց անցած տարվա դեկտեմբերի 23-ին Ոսկերչյանի նկատմամբ կատարված հանցագործությունը քողարկել փորձելու մեջ: Հիշեցնենք, որ այդ օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քրեակատարողական վարչության աշխատակիցները բռնություն էին կիրառել Ոսկերչյանի նկատմամբ, եւ որպեսզի նա այդ մասին չհայտարարեր նույն օրը նշանակված «Յոթի գործով» դատավարության ժամանակ, Մացոն կեղծ պատճառաբանությամբ դատական նիստը հետաձգել էր:  

դատարանի դիմաց

Երեկ ողջ օրը շարունակվող ուժեղ քամու եւ անձրեւի պայմաններում անգամ հարյուրավոր քաղաքացիներ միեւնույն է` դատարանի շենքի դիմաց իրենց բողոքի ակցիան էին անցկացնում` սատարելով քաղբանտարկյալներին: Մի պահ, սակայն, կրքերը լարվեցին, երբ ակցիայի մասնակիցները նկատեցին, որ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի պետ Ռոբերտ Մելքոնյանի, այսինքն` Բազազի միջեւ բանավեճ է ծավալվել: Իսկ այդ ամենը սկսվեց, երբ Զուրաբյանը, ով դատական նիստի սկզբում մասնակցում էր դատավարությանը, ընդմիջման ժամանակ դուրս եկավ դատարանի շենքից եւ մոտեցավ բողոքի ակցիայի մասնակիցներին` նրանց հետ զրուցելու համար: Ոստիկանները նրանից պահանջում էին արգելապատնեշից այն կողմ անցնել եւ այնտեղ զրուցել, իսկ Զուրաբյանը պահանջում էր պարզաբանել, թե ինչու ինքը իրավունք չունի արգելապատնեշի այս կողմից մոտենալ եւ զրուցել մարդկանց հետ: Ոստիկանների գործողությունների օրինական հիմքերը ներկայացնելու վերաբերյալ ՀԱԿ համակարգողի հարցադրումները Բազազին ակնհայտորեն նյարդայնացնում էին, եւ նա մի քանի անգամ փորձեց բանավեճը տեղափոխել «ռազբորկայի» եւ կռվի հարթություն: Բայց քանի որ նրա ջանքերը ապարդյուն անցան, նա, չդիմանալով, հայտարարեց, թե Զուրաբյանն ընդամենը կիրթ է ձեւանում, բայց իրականում այդպիսին չէ: Իսկ որքան Բազազը ավելի շատ էր նյարդային շարժումներ անում, այնքան մարդիկ ավելի բարձր էին վանկարկում «Լեւոն, Լեւոն» եւ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»: Իհարկե, բավականին երկար ժամանակ Բազազը զայրացած այսուայնկողմ էր գնում-գալիս եւ չէր հանդարտվում, ու պարբերաբար նրան կարելի էր տեսնել գետնին ընկած ծառի ճյուղերին քացի տալիս:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 Էջ 5

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ 

Գլոբալ ֆինանսական ճգնաժամը հասավ Հայաստան: Հիմա ի՞նչ ենք անում` «սառեցնում ենք» մեր հին ճգնաժամը լուծելու փորձերն ու Սերժ Սարգսյանի հետ միասին կռիվ ենք տալիս էս նո՞ր ճգնաժամի դեմ:  

«Ազգային համաձայնության» կամ «ազգային փրկության» կառավարություն կազմելու տարբերակը հենց էս ա նշանակում: Ու քանի որ ասվեց, որ իշխանությունների կողմից նման առաջարկ լինելու դեպքում  դրա «ընդունել-չընդունելու հարցը ոչ թե Կոնգրեսը, այլ ժողովուրդը պետք է որոշի», ես` մեկն էդ ժողովրդից, միանգամից ասեմ, որ նման առաջարկն ընդունելուն համաձայն չեմ: Համագործակցության առաջարկ Սերժն արել ա դեռ անցած տարվա փետրվարին` ընտրություններից անմիջապես հետո: Եթե դեռ էն ժամանակ, երբ որ մարտի 1-ն ու զոհերը դեռ չէին եղել, երբ որ մարդիկ դեռ բանտերում չէին, էդ առաջարկն անընդունելի էր, հիմա արդեն կրկնակի ա անընդունելի: Էս նոր` ֆինանսական ճգնաժամը չի կարող անընդունելին շրջել գլխի վրա ու դարձնել ընդունելի, բացառվում ա որ կարողանա, որովհետեւ մեր հին, քրոնիկ ճգնաժամը շատ ավելի խորքային ա, քան էս նորը: Մեր «հայրենի» ճգնաժամը սկիզբ ա առել 90-ականների կեսերին եւ անցած մեկուկես տասնամյակում դրա լուծման բոլոր փորձերը կիսատ են մնացել: Մեր հին ճգնաժամը «հիմնային» ճգնաժամ ա, առնչվում ա պետության հիմքերին: Հայաստանի ներկա Հանրապետությունը ստեղծվեց 1988-ի շարժման արդյունքում: Էդ շարժմանը մասնակցել ու հաղթել էր ողջ ժողովուրդը: Եւ հաղթողի իրավունքով համարում էր, որ սեփական երկրում ինքն ա լինելու տերը, ինքն ա լինելու քաղաքական պատվեր առաջադրողը: Համարում էր էն ժամանակ, համարում ա նաեւ հիմա: Սա մեր իրականության ամենահաստատուն գործոնն ա` ժողովուրդը, որն իրան ա վերապահում քաղաքական պատվերի իրավունքը: Ու չնայած էդ պատվերն իրագործելը հանձն առած արդեն որերորդ քաղաքական գործիչը, արդեն որերորդ անգամ, չի կարողանում կամ չի ուզում գործը հասցնել մինչեւ վերջ, պատվերը հետ չի վերցվում, մնում ա ուժի մեջ: Ես` մեկն էդ պատվերը ձեւակերպողներից, երբեք հետ չեմ կանգնի իմ պահանջից: Մի խումբ մարդիկ Հայաստանում բռնազավթել են իշխանությունը: Մնացած մարդկանցից են բռնազավթել: Ինձանից` էդ թվում: Ես հետ եմ պահանջում ինձանից խլվածը: Ու իմ պահանջը բացարձակ ա: Ու քանի որ պահանջը բացարձակ ա, դրա կատարման ոչ մի եղանակ նախօրոք չպետք ա բացառվի: Տարբերակը, թե Սերժը կարող ա կամովին հրաժարական տալ, նույնպես չպետք ա բացառվի, բայց դա խիստ անհավանական տարբերակ ա:  Անցած մեկ տարում Սերժ Սարգսյանի կատարած էդ ո՞ր քայլերն են հիմք տվել մտածելու, թե ինքը կարող ա նման բան անել: Շատ ավելի հավանական ա, որ սոցիալ-տնտեսական վիճակի ծայրահեղ վատթարացման դեպքում Սերժը արտակարգ դրություն հայտարարի:  Ջոնպրեսկոտներն ու ժորժկոլոմբիեները դժվար թե առանձնապես վրդովվեն` կհամարեն, որ սոցիալական բունտի դեմն առնելը Սերժի «սահմանադրական իրավունքն» ա: Բայց եթե անգամ Սերժը արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիր չստորագրի, Հայաստանում ապրողներս հո գիտե՞նք, որ մեզանում արտակարգ դրություն ա արդեն վաղուց: Շատ վաղուց: Դրա համար հրամանագրեր կարդալ պետք չի, մենք դրության արտակարգությունն զգում ենք մեր մաշկով: Արտակարգն էն ա, որ դուրս ա կարգից: Սահմանադրությունն էն ա, որ «սահման ա դնում», կարգ ա հաստատում: Արտակարգ դրությունը, դուրս լինելով կարգից, դուրս ա նաեւ սահմանադրությունից: Արտակարգ դրությունն արտասահմանադրական ա: Ես նորություն չեմ ասում. էն, ինչ որ ասում եմ, գիտեն բոլորը: Բանտից ներս գտնվողները, բանտից դուրս գտնվողները, հանրահավաքին միշտ մասնակցածները, հանրահավաքի երբեք չմասնակցածները, ոստիկանները, դատավորները, մաքսայինները, հարկայինները, մանր գործարարները, միջին գործարարները, խոշոր գործարարները: Բոլորը գիտեն: Ես ընդամենը փնտրում եմ ադեկվատ լեզու, որ ձեւակերպում տամ նրան, ինչ գիտեն բոլորը: Ու դա էնքան էլ հեշտ բան չի: Ինչը որ փնտրում եմ` եղածների մեջ չկա, եղած քաղաքական հայերենը հին ա ու իմ մաշկով զգացածին ադեկտվատ չի: Նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում: Եթե լցնում ես` տիկը պատռվում ա: Ու ստացվում ա, որ Մարինեն բռնության կոչ ա անում: Բայց ես բռնության կոչ չեմ անում, ես ընդամենը ասում եմ, որ հեղափոխությունը պետք ա, պահանջված ա: Փոփոխությունը, որ պահանջվում ա կատարել, չի վերաբերում մեր պետական շենքի վերին հարկերին, հիմքին ա վերաբերում: Նախադեպը, որ պետք ա կոտրել, հիմքում ա դրված: Եթե ժողովրդի մեծամասնությունը դեմ ա նախագահին, նախագահը պետք ա հեռանա: Պետք ա հեռանա ընտրություններով, իսկ եթե ընտրությունների մեխանիզմը չի աշխատում, կոտրվել ա, շարքից հանվել ա, ուրեմն նախագահը պետք ա հեռանա հեղափոխությամբ: Մյուս տարբերակը հեղաշրջումն ա: Մենք դրան շատ լավ ծանոթ ենք: Որովհետեւ հենց էս ա մեր ունեցած նախադեպը` հեղաշրջումը: Երբ որ իշխանությունը փոխվում ա ներսից: Հայաստանում հեղափոխության դեմ խոսողներ շատ կան, ու  որպես դրա այլընտրանք բոլորը նշում են էվոլյուցիան: Շատ իզուր: Մեր ունեցած Հայաստանում էվոլյուցիայի հնարավորություն չկա: Մեր ունեցած էս մեկ ու միակ Հայաստանում հեղափոխության այլընտրանքը դեգրադացիան կամ հեղաշրջումն են: Դեգրադացիան էն ա, երբ որ Սերժը սարքում ա Թուրքմենստանի կամ, լավագույն դեպքում, Ադրբեջանի նման երկիր: Հեղաշրջումն էն ա, երբ որ դա Սերժին չի հաջողվում ու նախագահ ա դառնում, ասենք, Մուկը: Էս էլ ա, փաստորեն, դեգրադացիայի տարբերակ: Իսկ Սերժի հետ «ազգային համաձայնության» կառավարություն կազմելը հեղափոխությանն այլընտրանք չի: Ես չեմ հավատում, որ նման բան կարող ա տեղի ունենալ, բայց եթե հանկարծ ու տեղի ունեցավ, դա կնշանակի, որ ժողովրդին հերթական անգամ խաբեցին: Դա կնշանակի նաեւ, որ պահանջվում ա նոր քաղաքական առաջնորդ:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 ................................  

80 մլն պարտք

Երեկ կառավարության շենքի մոտ էին հավաքվել Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունների հարյուրավոր ներկայացուցիչներ: Նրանք կառավարությունից պահանջում էին ստիպել Արարատի պահածոների գործարանին` վճարել մոտ 80 մլն դրամի պարտքը: Բանն այն է, որ գործարանն անցյալ տարի տարբեր գյուղերից մոտ այդքան արժողության ապրանք է մթերել` պայմանագրով խոստանալով գումարները վճարել մինչեւ տարեվերջ: Բողոքի ակցիայի մասնակիցները երեկ նշում էին, որ իրենց ուզածն ընդամենը իրենց հալալ քրտինքի դիմաց վճարն է: Նշենք, որ բացի այն, որ գյուղացիներին ապրանքի դիմաց չի վճարվել, դեռ մի բան էլ նրանցից հարկեր են պահանջում, եւ եթե նրանք հարկերը չեն կարողանում տալ` դրա դիմաց տներից մի քանի անգամ ավելի մեծ արժողության գույք են տանում: Կառավարության մոտ հավաքված տնտեսվարողներին երեկ Կառավարության քաղաքացիների ընդունելության բաժնի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը փոխանցել է, որ գործարանից իրենց խոստացել են մարտի 12-ից սկսել վճարումները:  

................................   

վրացական պատասխան

Վրաստանի նախագահի սկանդալային հայտարարությունը` Հայաստանի տնտեսության անկման մասին, ՀՀ իշխանությունների` արդեն սովորական դարձած անտարբերությանն արժանացավ: Մինչդեռ, երկու սուվերեն պետությունների  հարաբերությունների մասին երրորդ պետության ղեկավարի այդ հայտարարության էությունը կտրուկ տարբերվում է Հայաստանի տնտեսության վերաբերյալ ՀՀ կառավարության գնահատականներից:  

Ուստի, տրամաբանական է, որ ՀՀ ԱԳՆ-ն ու նախագահական նստավայրը երեկ արդեն պիտի որ արձագանքած լինեին այս հայտարարությանը: Սակայն, երբ մեկնաբանությունների համար դիմեցինք Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանին, վերջինս հայտարարեց, թե ինքը հարցին կպատասխանի միայն այսօր` գրավոր դիմումից հետո: Իսկ ահա Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչը` Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Արայիկ Հարությունյանը, արձագանքելով Սահակաշվիլիի հայտարարությանը, նշեց. «Այդ կարգի պատասխանը կանխատեսելի էր, որովհետեւ փետրվարի 25-ին,  երբ Վրաստանի խորհրդարանի նախագահը ՀՀ-ում էր, եւ երբ մեր մի քանի հասարակական կազմակերպությունները բողոքի ակցիա կազմակերպեցին Վրաստանի դեսպանատան դիմաց, այդ ակցիային մասնակցում էր նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Սա, մեր կարծիքով, դիվանագիտական էթիկայից դուրս քայլ է, որովհետեւ նույն օրը Սերժ Սարգսյանը, ով նաեւ ՀՀԿ նախագահն է, ընդունում էր Վրաստանի խորհրդարանի նախագահին»: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները երեկ այդպես էլ չարձագանքեցին Սահակաշվիլիի հայտարարությանը, ապա, ըստ Հարությունյանի, դա սովորական երեւույթ է, քանի որ մեր իշխանությունները այդ կարգի մեղադրանքներին կամ ուշ են արձագանքում, կամ` ընդհանրապես չեն արձագանքում: Հավելենք, որ մարտի 6-ի գիշերը կալանքից ազատ են արձակվել Ջավախքում ձերբակալված երկու հայ երիտասարդները` Գրիգոր Մինասյանն ու Սարգիս Հակոբջանյանը, ովքեր մեղադրվում էին ապօրինի զինված խմբավորումներ ձեւավորելու եւ լրտեսություն կատարելու մեջ: Հիշեցնենք, որ հենց Մինասյանին ու Հակոբջանյանին ազատ արձակելու պահանջով էին տեղի հ/կ-ները բողոքի ցույց կազմակերպել Վրաստանի դեսպանատան մոտ:                

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՆՈՒՄՅԱՆ

«կլիչկա» են առաջարկում

Երեկվա իր ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրությունների կապակցությամբ ասել է, թե կոալիցիոն ուժերն այդ ընտրություններում ավելի շատ ձայն կհավաքեն, քան մյուսները, եւ ընդդիմությանը խորհուրդ է տվել` «այդքան պասիվ չլինել եւ պարտվողի տրամաբանություն չունենալ»: Իսկ ընտրություններից 3 ամիս առաջ քաղաքապետի իշխանական թեկնածու Գագիկ Բեգլարյանին քաղաքապետի պաշտոնում նշանակելու կապակցությամբ ասել է. «Եթե հանրությանը հայտարարում ես, որ առաջին համարը պետք է լինի Գագիկ Բեգլարյանը, նշանակում է` պետք է նաեւ նշանակել քաղաքապետ, այլապես այս 2-3 ամիսը քաղաքապետարանի աշխատանքները կպասիվանային: Դա է եղել հիմնական գաղափարախոսությունը»: Գալուստ Սահակյանը նաեւ անդրադարձել է Գագիկ Բեգլարյանի «Չոռնի Գագո» մականվանը: Ասել է, թե բոլորին էլ մանկուց ինչ-որ բան են ասում, հետագայում դա դառնում է մականուն, եւ օրինակ է բերել Աղբյուր Սերոբին` ափսոսանք հայտնելով, որ ինքն էլ մականուն չունի: «Գալուստ եղել եմ, Գալուստ էլ մնացել»,- ասել է նա: Սույն ափսոսանքից հետո երեկ payqar.net կայքում լուրջ քննարկում էր ընթանում. կայքի այցելուները քննարկում էին, թե ինչ մականուն կսազի Գալուստ Սահակյանին: Ինչպես նշված է կայքում, մականվան լավագույն 3 տարբերակները ներկայացվելու են Գ. Սահակյանին, որպեսզի վերջնական ընտրությունն ինքը կատարի: Երեկ արդեն կային մի քանի տասնյակ առաջարկներ` Բրեժնեւ ձաձա, Գազել Գալուստ, Գալուստ էֆենդի, ԳալՍտրուկ եւ այլն: 

 Էջ 6

ՀԵՌԱՑՎԵԼ Է «ՄՈՒԿ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր 

Արդյո՞ք «Երկու աստղի» եւ «Հ1»-ի մի քանի այլ հաղորդումների վարող Ֆելիքս Խաչատրյանը աշխատանքից հեռացվել է «մուկ» բառը եթերում հնչեցնելու պատճառով:  

Բանն այն է, որ հաղորդավարը վերջին հաղորդումներից մեկի ժամանակ փորձել է բացատրել, որ շուտով բեմում կհայտնվի Պույ-պույ մկնիկը եւ դա իրեն հատուկ հեգնանքով է արել. «Մենք ունենք մի մուկ, հանրապետությունում մի շատ մեծ մուկ կա, որին բոլորը ճանաչում են»,- սկզբում պատահաբար ասել է Ֆելիքսը, բայց հետո կարծես զգալով, որ հեռուստադիտողը կարող է մտածել, թե ինքը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին նկատի ունի, ժպտալով լրացրել է իր խոսքը: Ու մինչ Շուշան Պետրոսյանը կօգներ խոսքը փոխել, Ֆելիքս Խաչատրյանը հայտարարել է. «Դիմավորեք Պույ-պույ մկնիկին»: Հենց այդ հաղորդումից անմիջապես հետո էլ, ըստ մամուլում արդեն տեղ գտած հրապարակումների, «Հ1»-ի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նրան զգուշացրել է, թե շատ տնավարի է վարում «Երկու աստղը», ինչի արդյունքում վեճ է առաջացել նրանց միջեւ: Իսկ նախօրեին արդեն «Երկու աստղը» Ֆելիքս Խաչատրյանը չէր վարում: Այստեղ հետաքրքիրն այն է, որ Ֆելիքս Խաչատրյանը միշտ է եղել այդքան տնավարի, նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ նոր էր «Հ1»-ում եւ նորմալ խոսել չգիտեր: Այդ ժամանակ, իհարկե, Ֆելիքսը չհեռացվեց «Հանրայինից»` հաղորդումները անգրագետ վարելու եւ տնավարի լինելու համար, եւ այս անգամ էլ չէր հեռացվի, եթե միամտաբար եթերում չարտասաներ «մուկ» բառը: Տեղեկություններ կան, որ Ֆելիքս Խաչատրյանի հեռացվելը այնքան էլ ծանր չեն տարել «Երկու աստղի» երգիչներն ու հաղորդման ադմինիստրատիվ աշխատողները: Դրա պատճառն այն է, որ հաղորդավարն իր պահվածքով վերջերս սկսել էր նյարդայնացնել բոլորին: Ըստ այդ տեղեկությունների, Ֆ. Խաչատրյանը սկսել էր բոլորի հետ վիճել` իրեն համարելով բոլորից բարձր: Երեկ փորձեցինք հաղորդավարի հետ զրուցել այդ ամենի մասին եւ նախ հետաքրքրվեցինք, թե ինչու է վիճել Քեշիշյանի հետ: Ֆելիքս Խաչատրյանը պատասխանեց, որ «հիմա չի ուզում ոչ մի բանի մասին խոսել, հաջորդ շաբաթ անպայման ամեն ինչ կմեկնաբանի»: Ինչ վերաբերում է նախորդ «Երկու աստղից» իր բացակայելուն, ապա Ֆելիքսը կատակով ասաց. «Մարտի 8 էր, տոնական օր, դրա համար Աշոտ Լյուդվիգովիչն էր վարում»: Նա իհարկե չասաց` հաջորդ շաբաթ ինքը կվարի՞ ծրագիրը, թե ոչ: «Հ1»-ի գլխավոր ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին գտնել երեկ չհաջողվեց. ոչ նախօրեին` «Երկու աստղի» ժամանակ, ոչ էլ երեկ նա «Հ1»-ում չէր: Փորձեցինք «Երկու աստղի» հաղորդավարի դերում նախորդ ծրագրի ժամանակ Ֆելիքս Խաչատրյանին փոխարինած բժիշկ-դերասան Աշոտ Լյուդվիգովիչից պարզել, թե ինչպես է ստացվել, որ ինքն է սկսել վարել հաղորդումը: Լյուդվիգովիչը պատասխանեց. «Ինձ ասացին, որ ես պետք է վարեմ, չասացին, թե ինչու, ուր է Ֆելիքսը»: Լյուդվիգովիչն ավելացրեց նաեւ, որ թեեւ առաջարկն այնքան էլ իր սրտով չէր, սակայն պետք է համաձայներ. «Չէ, չէի ասի որ սրտովս է, այսինքն` իմ սրտով է, բայց ես կուզեի լինել ժյուրիում, այնտեղ ավելի հաճելի էր: Սա ինձանից ավելի շատ ժամանակ է պահանջում պատրաստվելու համար, ինչ-որ հետաքրքիր, հումորային մասեր մտածելու համար, շատ պատասխանատու է, ժյուրիում նստում էի ուղղակի` ոչ աշխատանքային  օրով, վիրահատություններիս չէր խանգարում»,- ասաց մասնագիտությամբ բժիշկ դերասանը: Արդյո՞ք Լյուդվիգովիչը հնարավորություն չի ունեցել հրաժարվել առաջարկից. «Չէ, ինձ առաջարկել են ռեժիսորը, ադմինիստրատորը, զանգեցին ու ասացին, որ սենց-սենց ա, որ պետք ա, որ ճիշտ ա, որ դու դրանով կանես լիքը լավ բան... Իհարկե` խնդրանք է եղել, ոչ թե հրամայաբար, ոչ մի կախվածություն չունեմ իրենցից»,- բացատրեց նա: Ինչեւէ, Լյուդվիգովիչը համաձայնել է փոխարինել Ֆելիքսին, բայց նախ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ եւ փորձել խորհուրդներ ստանալ: «Ասացի` Ֆել ջան, ի՞նչ անեմ, սենց ա իմ վիճակը, ինձ ասել են, որ պետք է վարեմ հաղորդումը (բացատրեցի, որպեսզի ինքը հասկանա, թե ես ինչու եմ այդտեղ): Ասաց, որ ոչ մի պրոբլեմ չի տեսնում իմ վարելու մեջ,  ընդհակառակը, մենք նույն ընկերներն ենք, ամեն ինչ նորմալ է, ինքը ուրախ է, որ ես էլի գործը փրկում եմ վատ իրավիճակների դեպքում, ու խորհուրդներ տվեց բավականին շատ, որոնք ինձ օգնեցին ավելի հեշտ անցկացնել այդ օրը»,- պատմեց Լյուդվիգովիչը` որոշ չափով բացառելով Ֆելիքսին տնավարի վարելու համար հեռացնելը եւ որպես ապացույց` ավելացրեց, որ ինքն էլ է որոշ չափով տնավարի վարում, Շուշան Պետրոսյանն էլ:

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

................................  

ինչպես կասեն

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը կշարունակի՞, արդյոք, պաշտոնավարել նոր քաղաքապետի նշանակումից հետո, կամ արդյո՞ք շրջանառվող լուրերը, ըստ որոնց նա նոր պաշտոն է ստանալու հարկային ոլորտում, համապատասխանում են իրականությանը: Քաղաքապետարանում երեկ հրավիրված ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այս հարցերին, Արեյանը նախ անհիմն համարեց հարկային ոլորտում հնարավոր աշխատանքի անցնելու մասին խոսակցությունները, հետո, սակայն, ավելացրեց. «Ես պետական ծառայող եմ եւ շարունակում եմ իմ պետական ծառայությունը քաղաքապետարանում: Ինչպես ինձ կհանձնարարի իշխանությունը, այնպես էլ կշարունակեմ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը»: Քաղաքապետի դեռեւս առաջին տեղակալ Կամո Արեյանը երեկ հայտարարեց նաեւ, որ քաղաքապետարանում նորանշանակ քաղաքապետի կողմից կադրային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Կադրային փոփոխություն, փաստորեն, միայն Երվանդ Զախարյանի դեպքում է եղել, ում անունն արդեն հայտնվել է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի «Երեւանի նախկին քաղաքապետերը» բաժնում, որտեղ իմիջիայլոց, միայն նրա լուսանկարն է գունավոր: Ի դեպ, մեր տեղեկություններով, Երվանդ Զախարյանին նոր պաշտոնի նշանակումը մեկ ամսից  էլ պակաս ժամանակի խնդիր է: Նա, ըստ ամենայնի, կզբաղեցնի Կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:

նվեր կտանք

Մենք արդեն անդրադարձել ենք այն խնդրին, որ Երեւանում կան այնպիսի ծառայություններ, որոնք ուսանողներին առաջարկում են իրենց փոխարեն, ասենք կուրսային եւ դիպլոմային աշխատանքներ գրել: Ու եթե նախորդ անգամ մեր ձեռքն ընկած` այդ մասին իրազեկող թերթիկում գայթակղելու հնարքները բացակայում էին, ապա նորում արդեն, որոշակի օրերին պատվերներ ներկայացնելու դեպքում, նվերներ են խոստանում: Ի դեպ, այս ամենի հեղինակն այն նույն «LIFE company»-ն է, որի մասին նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ: Ու փաստորեն, նա ոչ միայն շարունակում է անարգել գործել, այլ նաեւ ուսանողների համար գրավիչ դառնալու նորանոր ուղիներ է որոնում: Եւ քանի որ ընկերության ծառայությունների մասին ծանուցող թերթիկն ուսանողներին բաժանվում է նաեւ ԵՊՀ-ի շրջակայքում, ուստի երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպես են այդ ամենին վերաբերվում համալսարանում եւ արդյոք այդ երեւույթը համարում են սպառնալիք` ուղղված կրթության որակին: «Իհարկե, դա հարվածում է կրթության որակին»,- այսպիսի միանշանակ պատասխան տվեց մայր բուհի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարեն Գրիգորյանը: Իսկ ինչ վերաբերում է դրա դեմ պայքարելուն, թեկուզեւ խնդիրը բարձրաձայնելու միջոցով, նա հայտարարեց, որ դրա դեմ կարելի է պայքարել միայն մի ձեւով` դիպլոմայինի ղեկավարներն ավելի ուշադիր պետք է լինեն իրենց ուսանողների նկատմամբ` իմանալու, թե ինչպես են նրանք աշխատում եւ ինչ հնարավորություններ ունեն:

քամու հետեւանքով

Այս օրերին հանրապետության որոշ շրջաններում գրանցված ուժեղ քամիները մի շարք վնասների պատճառ են դարձել: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ փրկարար ծառայությունից, մարտի 5-ին Վայոց ձորի մարզում գրանցված մրրկահողմի հետեւանքով վնասվել է  Եղեգնաձորի ավտոկայանի վարչական շենքի` 90 քմ մակերեսով պողպատյա ծածկը, որն այլեւս պիտանի չէ հետագա օգտագործման համար: Իսկ Գեղարքունիքի մարզ ուժեղ քամիները կարծես միայն ամսի 7-ին են հասել: Դրանց հետեւանքով վնասվել են Մարտունու «Ագրոսերվիս» ԲԲԸ-ին պատկանող շինության տանիքի` 864 քմ մակերեսով փայտե կառուցվածքները եւ Լիճք գյուղում գտնվող «ԲիԲիՋի» բժշկական կենտրոնի` 200 քմ մակերեսով տանիքը: Իսկ ահա երեկ քամին պոկել-քշել է Երեւանի Բաբայան փողոցի թիվ 16 շենքի պատշգամբներից մեկի թիթեղյա ծածկը:  Ինչպես տեղեկացանք փրկարար ծառայությունից, տուժածներ չկան:

զոհ` հրդեհից

Մարտի 6-ի ուշ երեկոյան ՀՀ ոստիկանության անձնագրային վարման վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքում, որը գտնվում է Երեւանի Շինարարների փողոցում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ինչպես նաեւ Փրկարարական ուժերի վարչությունից եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնից երկու օպերատիվ խումբ:  Հրդեհը մարվել է ժամը 21.02-ին: Բաժանմունքներից մեկի աշխատասենյակում հայտնաբերվել է հավաքարար, 1934 թ. ծնված Տատյանա Պուշկինայի այրված դին:

................................   

ցեխաջուր տեղաց 

Այսօր հանրապետությունում եւ առավելապես Սյունիքում սպասվում են տեղումներ` հիմնականում  անձրեւի տեսքով: Վաղը նույնպես տեղումների հավանականությունը չի բացառվում: Այդ օրը նաեւ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մետր/վայրկյան արագությամբ: Օդի ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին կնվազի 3-5 աստիճանով: Երեւանում այսօր եւ վաղը էական տեղումներ չեն սպասվում: Հնարավոր է քամու ուժգնացում 15-18 մետր/վայրկյան արագությամբ: Օդի ջերմաստիճանն այսօր կլինի +13 +15 աստիճան: Ի դեպ, երեկ Երեւանում կարծես անձրեւի փոխարեն ցեխաջուր էր տեղում` հետքեր թողնելով թե մարդկանց հագուստների եւ թե ավտոմեքենաների վրա: «Հայպետհիդրոմետից» հայտնեցին, որ դա օդի մեջ եղած փոշով է պայմանավորված, եւ նման երեւույթ սովորաբար դիտվում է այն ժամանակ, երբ որ անձրեւին նախորդում են ուժեղ քամիներ: 

ձնաբուք

Մարտի 7-ի առավոտյան Սելիմի լեռնանցքում` Գեղահովիտ գյուղի հատվածում, ձնաբքի մեջ է մնացել 7 ավտոմեքենա: Պատկան մարմինների միջամտությունից հետո ժամը 13-ի սահմաններում դրանք դուրս են բերվել ճանապարհի երթեւեկելի հատված, եւ վերականգնվել է երթեւեկությունը: Երեկվա դրությամբ, ըստ Տրանսպորտի նախարարության տվյալների, հայաստանյան ավտոճանապարհներն անցանելի էին, բուք, մրրկահողմ ու նման բաներ չեն եղել:

 Էջ 7

ԵԶՐԱՓԱԿՉԻՆ ԱՐԺԱՆԻ ԽԱՂ 

Այսօր պատասխան հանդիպումները կանցկացնեն ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի մրցակից չորս զույգերը: 

Հատկապես հետաքրքրությունը մեծ է Անգլիայում կայանալիք «Լիվերպուլ»-Մադրիդի «Ռեալ» հանդիպման նկատմամբ: «Լիվերպուլին» հաջողվել է արտագնա խաղում 1:0 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Սակայն արքայական ակումբն այն թիմը չէ, որ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում այդպես հեշտորեն խաղից դուրս գա: «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուանդե Ռամոսը հայտնել է, որ իր թիմի ֆուտբոլիստները վստահ են, որ պատասխան խաղում կկարողանան հաղթել «Լիվերպուլին»: ««Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կայանալիք հանդիպումը արժանի էր դառնալու այս մրցաշարի եզրափակիչը, եւ մեզ բավարարել կարող է միայն հաղթանակը: Մենք լավատես ենք, սակայն ինձ համար էլ հասկանալի է, որ խաղը հեշտ լինել չի կարող: Հուսով եմ` այն դուր կգա մարզասերներին: Ֆուտբոլիստները ցանկություն ունեն հաղթելու, որպեսզի մեր երկրպագուներին ուրախություն պատճառեն»,- ասել է Ռամոսը: Վերջինիս հետ համամիտ է «Ռեալի» հարձակվող Ռաուլը, որը հանդիպումից առաջ նշել է. ««Ռեալը» հաղթանակի է տրամադրված: Գիտենք, որ հնարավորություն ունենք երկու խաղի արդյունքով հաջողության հասնելու: Այդ է պատճառը, որ հանձնվելու մտադրություն չկա: Հավատում եմ, որ կհաղթենք այդ խաղում: «Ռեալի» ֆուտբոլիստները ներկայումս ֆիզիկական եւ հոգեբանական լավ վիճակում են գտնվում: Մենք մեր ուժերը կենտրոնացրել ենք Չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալու վրա եւ մտադիր ենք հաղթել այդ մրցաշարում»: Նախորդ խաղում «Չելսին» նվազագույն առավելությամբ` 1:0 հաշվով հաղթել էր «Յուվենթուսին»: Այնպես որ, ինչպես «Լիվերպուլի», անգլիական այս ակումբի ներկայացուցիչների համար էլ խնդիր կլինի առաջնահերթ պահպանել այն, ինչին արդեն հասել են: «Պանատինաիկոսն» էլ առավելություն ունի «Վիլյառեալի» հետ հանդիպումից առաջ, քանի որ մրցակցի հարկի տակ գնդակ է խփել եւ խաղն ավարտել է ոչ-ոքի` 1:1: Փաստորեն, իսպանացիները կորցնելու բան չունեն, եւ այդ մրցավեճում էլ ամեն բան հնարավոր է: Թերեւս, հարցականներ չկան միայն «Բավարիայի» եւ «Սպորտինգի» հանդիպումից առաջ: Բանն այն է, որ «Բավարիայի» ֆուտբոլիստներն առաջին խաղում, հանդես գալով մրցակցի հարկի տակ, անպատասխան 5 գնդակ են խփել (5:0): Հավելենք, որ նախօրեին ՈւԵՖԱ-ն հայտնել է այն գլխավոր մրցավարների անունները, ովքեր վարելու են այդ հանդիպումները: Բելգիացի Ֆրանկ դե Բլեկերեն կսպասարկի «Լիվերպուլ»-«Ռեալ», իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալենկոն` «Յուվենթուս»-«Չելսի», շվեյցարացի Մասիմո Բուզական` «Պանատինաիկոս»-«Վիլյառեալ», շվեդ Մարտին Հանսոնը` «Բավարիա»-«Սպորտինգ» խաղը:

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ

................................  

ՊՐՈՍՏԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՄՈԶԵԼ 

«Ֆորմուլա 1» դասի ավտոարշավորդների աշխարհի քառակի չեմպիոն, մեր հայրենակից Ալեն Պրոստը (նկարում) դիմել է Նիկոլյա Սարկոզիին: 

Նա փորձել է համոզել Ֆրանսիայի նախագահին, որ այս մարզաձևի «Գրան պրի» մրցաշարի անցկացումը Ֆրանսիայում այդ երկրի համար ազգային նշանակություն ունի: Բանն այն է, որ ֆրանսիացիներին չի հաջողվել ֆինանսական հարցերում ընդհանուր հայտարարի գալ «Ֆորմուլա 1»-ի կոմերցիոն ղեկավար Բեռնի Էկլսթոունի հետ: Եւ վերջին 54 տարվա ընթացքում առաջին անգամ այս մարզաձեւի առաջնության մասնակիցները կշրջանցեն Ֆրանսիան: Պրոստը Սարկոզիի հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ Ֆրանսիան եւս պետք է տեղ ունենա այդ առաջնության օրացուցային պլանում: Նա դա համարել է տնտեսական եւ քաղաքական առումով ձեռնտու նախագիծ: Սակայն «Գրան պրին» Մանյի Կուրում անցկացնելու հարց չի կարող լինել, քանի որ երթուղին վերանորոգելու համար մեծ փողեր են պահանջվում: Պրոստը կողմ է, որ Փարիզից 40 կմ հեռու` Իվլինի վարչատարածքում նոր ավտոդրոմ կառուցվի: Դեռ հունվարին այդ նախագիծը հավանության էր արժանացրել Ֆրանսիայի սենատը, սակայն չէր ընդառաջել խորհրդարանը, որի պատգամավորներին դուր չէր եկել, որ ավտոդրոմը կառուցվելու է այնպիսի հողում, որը գյուղատնտեսական առումով տարածաշրջանի համար կարեւոր նշանակություն ունի:

................................  

փրկեց

Վնասվածքի պատճառով խաղադաշտում 13 ամիս բացակայած ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն, բրազիլացի Ռոնալդոն, տեւական ընդմիջումից հետո, կրկին դարձել է գոլի հեղինակ: Վերջին անգամ նրան հաջողվել էր մրցակցի դարպասը  գնդակ ուղարկել 2008-ի հունվարի 13-ին, երբ խաղում էր «Միլանի» կազմում: Վերջինս Իտալիայի առաջնության շրջանակում մրցում էր «Նապոլիի» հետ: Եւ ահա, Ռոնալդոն, նախօրեին բրազիլական «Կորինտիասի» կազմում իր 2-րդ հանդիպմանը մասնակցելով, խաղընկերոջը փոխարինել էր Սան Պաուլո նահանգի առաջնության «Պալմեյրասի» հետ խաղի 63-րդ րոպեին: Նրան հաջողվեց գնդակ խփել մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակի 3-րդ րոպեին: Այսպես, 32-ամյա ֆուտբոլիստը փրկեց իր թիմին պարտությունից` 1:1:

չարդարացրեց

Լինարեսում կայացած շախմատի գերմրցաշարում Լեւոն Արոնյանին չհաջողվեց արդարացնել մարզասերների սպասելիքները: 14 հնարավորից վաստակելով 6,5 միավոր` նա Վան Յուեի, Թեմուր Ռաջաբովի հետ բաժանել է 5-7-րդ տեղերը: 8 միավորով հաղթող է ճանաչվել Ալեքսանդր Գրիշչուկը: Նույնպիսի ցուցանիշով 2-րդ տեղը զբաղեցրել է Վասիլի Իվանչուկը:

................................   

Կորեական նոր պատերա՞զմ

Վերջին երկու օրերին Կորեական թերակղզում իրավիճակը ծայրաստիճան լարված է, եւ չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին տարածաշրջանում վերսկսվեն ռազմական գործողությունները, որոնք դադարեցվել են 1953 թվականին ստորագրված հրադադարի համաձայնագրով: Բանն այն է, որ հյուսիսկորեական կոմունիստական վարչակարգը հայտարարել է մինչեւ մարտի 12-ը ընկած ժամանակահատվածում «Կվանմենսոն-2» արբանյակի փորձարկման մտադրության մասին:

Իրենց հերթին, հարեւան Հարավային Կորեան, Ճապոնիան եւ ԱՄՆ-ն ոչ առանց հիմքի լուրջ մտավախություններ ունեն, որ դեպի տիեզերք արբանյակ բաց թողնելու քողի տակ Փխենյանում ծրագրել են փորձարկել միջին հեռահարության նոր հրթիռ, որը ունակ է հասնել ոչ միայն Հարավային Կորեա, այլեւ Ճապոնիա եւ Ալյասկա (ԱՄՆ): Այս երկրների իշխանությունները վերջին մի քանի օրերին պարբերաբար Հյուսիսային Կորեային զգուշացրել են, որ հրթիռը արձակվելու դեպքում, անկախ նրանից, թե դա Փխենյանում ինչպես կանվանեն, այն հենց արձակման պահին ոչնչացվելու է: Դրան ի պատասխան` կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում «100 տոկոս մասնակցության պայմաններում ընտրողների 100 տոկոսի քվեները ստացած» բռնապետ Կիմ Չեն Իրը երկրի զինված ուժերը բերել է բարձրագույն ռազմական պատրաստվածության` սպառնալով, որ արբանյակը ոչնչացնելու դեպքում Հարավային Կորեան, Ճապոնիան ու ԱՄՆ-ն կհայտնվեն հյուսիսկորեական հրթիռների տարափի տակ: Նա  հերթական անգամ սպառնացել է կրակի ու մոխրի վերածել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը: Դա նկատի առնելով` Հարավային Կորեան ու ԱՄՆ-ն երեկվանից Հարավային Կորեայի սահմանների մոտ ռազմածովային լայնածավալ զորավարժություններ են սկսել, որին երկու կողմից մասնակցում է 25 հազարական զինծառայող: Զորավարժությունների նպատակն է հյուսիսկորեական հավանական ներխուժման դեպքում պաշտպանել Հարավային Կորեայի տարածքը: Այս կապակցությամբ Կիմ Չեն Իրը հայտարարել է, թե այդ զորավարժությունները Հյուսիսային Կորեա հարավկորեական եւ ամերիկյան ներխուժման նախապատրաստությունն է: Ամեն դեպքում, Արեւմուտքում գնալով հակվում են այն մտքին, որ Կորեական թերակղզում իրավիճակի պարբերական ապակայունացմանը կարելի է վերջ դնել միայն կոմունիստական վարչակարգը ռազմական ճանապարհով տապալելու միջոցով, քանզի վերջին տարիների պատմությունը ցույց է տալիս, որ մնացած տարբերակները անօգուտ են եւ սպառել են իրենց:

դժգո՞հ ես` կոշիկ շպրտիր

Կոշիկ շպրտելը աստիճանաբար դառնում է բողոք արտահայտելու յուրահատուկ ձեւ: Օրերս Ուրմիա քաղաքում կոշիկ են շպրտել նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեժադի ուղղությամբ: Ավելի ճիշտ` կոշիկը շպրտել են նրա ավտոմեքենայի վրա, որում գտնվող Ահմեդինեժադը նախագահական նախընտրական քարոզարշավի շրջանակներում ուղեւորվում էր ընտրողների հետ հանդիպման: Իրանական պաշտոնական ԶԼՄ-ները «կոշիկ նետելու» մասին ոչինչ չեն հաղորդել, եւ դեպքի մասի հայտնի է դարձել ընդդիմադիր «Urmia News» կայքի միջոցով: Կոշիկ շպրտողի ինքնությունը առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե ինչ ճակատագրի է արժանացել նման քայլի դիմած իրանցին: Նշենք, որ կոշիկ շպրտելը բողոք արտահայտելու յուրահատուկ ձեւ է դարձել այն բանից հետո, երբ 2008-ի դեկտեմբերին Բաղդադում Մունաթազար ալ Զայիդի անունով մի իրաքցի լրագրող իր երկու կոշիկները նետել էր ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վրա` այդ կերպ իր դժգոհությունը հայտնելով Իրաքում ամերիկյան զորքերի գտնվելու կապակցությամբ:

ի՞նչ նվեր են սպասում

Մարտի 8-ին նշվող Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ հասարակական կարծիքի ուսումնասիրության ռուսաստանյան «Լեւադա-կենտրոնը» փորձել է պարզել, թե ռուսաստանցի կանայք ինչ կցանկանային ստանալ որպես նվեր: Այսպես, հարցումները ցույց են տվել, որ ռուսաստանցի կանանց 40 տոկոսը այս տարի ցանկացել է, որ իրեն ծաղկեփունջ նվիրեն: Ցանկալի նվերներից երկրորդ տեղում է կոսմետիկան եւ օծանելիքը: Նման նվեր ստանալու ցանկություն է հայտնել կանանց 11 տոկոսը: Կանանց 10 տոկոսը ցանկացել է, որ իրենց քաղցրեղեն նվիրեն, 10 տոկոսն էլ` խոհանոցային կենցաղային տեխնիկա, 9 տոկոսը գերադասել է նվերի փոխարեն ստանալ «նվերի դրամական փոխհատուցումը», 2 տոկոսը` ամանեղեն, գիրք կամ հեռախոս, իսկ 1 տոկոսն էլ ցանկացել է թատրոն կամ կինոթատրոն հրավիրվել: Կանանց 13 տոկոսը հայտնել է, որ ոչ ոքից նվեր չի սպասում: Միաժամանակ, ռուսաստանցի տղամարդկանց 6 տոկոսը հայտարարել է, որ չի պատրաստվում տոնի կապակցությամբ որեւէ նվեր անել: Իսկ տղամարդկանց 8 տոկոսն էլ նշել է, որ ոչ ոք չունի, որին կարելի է նվեր գնել:

ՄԱՆՎԵԼ ՄԱՆՎԵԼՅԱՆ

 Էջ 8

առաջիկա ամիսներին

ԵԱՀԿ մամլո ծառայությունը շաբաթ օրը տարածել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական համատեղ հայտարարությունը, որը նվիրված է տարածաշրջան նրանց կատարած վերջին այցին: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «համանախագահների` փետրվարի 27-ից մարտի 3-ը տարածաշրջան կատարած այցի ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել շարունակել հանդիպումները: «Համանախագահները հնարավորություններ են փնտրելու` առաջիկա ամիսներին երկու նախագահների հանդիպումը կազմակերպելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ  առկա առանցքային չհամաձայնեցված հարցերը քննարկելու նպատակով: Հույս ունենք, որ նման բանակցությունների  միջոցով կհստակեցվեն եւ կկրճատվեն կողմերի միջեւ առկա տարաձայնությունները: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հակամարտության խաղաղ կարգավորման հասնել հնարավորինս մոտ ժամկետների շրջանակում»,- ընդգծել են համանախագահները:

անտրամաբանական

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  Պետեկամուտների կոմիտե է ուղարկել առեւտրի այն կետերի տվյալները, որտեղ մարտի 3-6-ը դոլարի փոխարժեքի տատանման պատրվակով արձանագրվել է առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքատեսակների գների աճ: Հանձնաժողովն այս քայլն արել է, որպեսզի Պետեկամուտների կոմիտեն առեւտրի նշյալ կետերում ստուգումներ իրականացնելիս հաշվի առնի ապրանքների` բարձր գներով իրացման հանգամանքը:  Նշենք, սակայն, որ իշխանությունների հայտարարած հարկային նորարարություններից հետո Աշոտ Շահնազարյանի հանձնաժողովի քայլն ուղղակի անտրամաբանական է: Խնդիրն այն է, որ հարկային վերջին նորարարություններով, ինչպես պնդում է գործող իշխանությունը, խանութների կողմից գների բարձրացումը չի կարող չարձանագրվել այդ խանութների կողմից տրվող ՀԴՄ կտրոնների վրա, ինչը նշանակում է, որ ապրանքը թանկ վաճառելու դեպքում խանութը ավելի մեծ եկամուտ է ունենալու եւ հետեւաբար` ավելի շատ հարկ է վճարելու: Շահնազարյանի հանձնաժողովի այս քայլը ցույց է տալիս, որ կամ գործող իշխանությունների` վերը բերված պնդումներն են սին, կամ էլ հանձնաժողովը զբաղված է անիմաստ գործով. երկուսից մեկը:

նկարիչ Աղվանը

Շաբաթ օրը հայրենական էլեկտրոնային ԶԼՄ-ները ի լուր աշխարհի ազդարարեցին այն մասին, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դարձել է նկարիչների միության  պատվավոր նախագահ: Ավելին, նույն օրը բացվել է նաեւ Հովսեփյանի լուսանկարների ցուցահանդեսը, ինչից հետո Հովսեփյանը լրագրողներին ասել է, թե ինքը ստեղծագործել շատ է սիրում, եւ որ իրականում քրեական գործ կազմելն էլ ստեղծագործություն է: Այն, որ Աղվան Հովսեփյանի կազմած քրգործերը իրոք «ստեղծագործություններ» են, թերեւս` որեւէ մեկը չի կասկածում: Ավելին, շատերը անգամ կարող են վիճել այն հարցում, թե Հովսեփյանի քրգործերը ո՞ր ժանրով են կազմված` թրիլլերի՞, թե՞ ֆանտաստիկայի: Միակ խնդիրն այն է, սակայն, որ Աղվան Հովսեփյանը սխալ միություն է ընտրել. նա պետք է դառնար գրողների միության պատվավոր նախագահը` նկարիչների միությունը թողնելով ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին: 

ինքնաբացահայտում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ բացահայտվել է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին տեղակալ Արմեն Ավետիսյանի տան վրա անցած տարվա հոկտեմբերի 26-ին ավազակային հարձակման դեպքը: Ըստ այդմ, նշվում է, որ այս միջադեպի հետ կապված կալանավորվել են տասը անձինք, որոնց մեջ են ինչպես անմիջական ավազակային հարձակում կատարած հինգ անձինք, այնպես էլ նրանց աջակցողները: Ի դեպ, ԱԱԾ-ն չի հստակեցնում, թե ովքեր են հանցագործները, սակայն, մեր տեղեկություններով, ավազակային հարձակում իրականացնողները ԱԱԾ-ի եւ ոստիկանության նախկին հատուկջոկատայիններ են: Նրանց աջակցող անձինք եւս իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ են:

................................  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  

Հայ ազգային կոնգրեսը, քաղբանտարկյալների գործերը վարող փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ ոչ միայն 7 քաղբանտարկյալի միացյալ գործը, այլ նաեւ բոլոր քաղբանտարկյալների գործերը թխվել են շինծու եւ ապօրինի հիմքերի, այդ թվում նաեւ` ահաբեկման ու զանազան ճնշումներով տարբեր մարդկանցից կորզված ցուցմունքների հիման վրա: Դրանում, ըստ էության, ի սկզբանե համոզված է եղել նաեւ միջազգային հանրությունը՝ ի դեմս Եվրամիության, ԱՄՆ-ի, ԵԽԽՎ-ի, վերջինիս Մարդու իրավունքների հանձնակատարի, միջազգային այլ կառույցների ու կազմակերպությունների, որոնք պարբերաբար պահանջել կամ հորդորել են ազատ արձակել 2008 թ. ընտրությունների եւ Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ազատազրկվածներին: Մարտի 1-ի սպանդի զոհերի հարազատները եւս բազմիցս հայտարարել են, որ «7-ի գործով» մեղադրվողները ոչ մի կապ չունեն իրենց հարազատների սպանության հետ եւ պահանջել են բոլորովին այլ տեղ փնտրել իրական հանցագործներին:

Քաղբանտարկյալների դեմ հերյուրված քրեական գործերի հանցավոր խոհանոցը բացահայտող հերթական խոսուն մի օրինակ է «7-ի գործով» որպես տուժող ընդգրկված Ռոբերտ Բաղդասարյանի հայտարարությունը: Այն, բացի դատավորից, հասցեագրված է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին եւ ԵԽԽՎ-ի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: Ռոբերտ Բաղդասարյանը, որ 2008 թ. մարտի 1-ին հրազենային վնասվածք էր ստացել, իր հայտարարության մեջ մասնավորապես տեղեկացնում է, որ Հատուկ քննչական ծառայության քննիչները, օգտվելով իր ծանր առողջական վիճակից, հոգեբանական ճնշումներ գործադրելով, իրենից այնպիսի ցուցմունքներ են կորզել, որոնք չեն համապատասխանում իրականությանը, եւ որոնցով «մեղքի սլաքն ուղղվել է ժողովրդավարության համար պայքարող իմ ընկերների վրա»: Ապա տուժողը հայտարարում է, որ մարտի 1-ին իրեն հանդիպած ոստիկանները զինված են եղել, եւ ինքը վիրավորվել է հենց ոստիկանների կրակոցից: Նա պահանջում է հայտնաբերել իր վրա կրակող ոստիկանին, ինչպես նաեւ պատասխանատվության կանչել այն քննիչներին, ովքեր ժամանակին իրենից կեղծ ցուցմունքներ են կորզել:

Հայ ազգային կոնգրեսը եւս մեկ անգամ հայտարարում է, որ այսպես քար առ քար փլուզվելու են բոլոր շինծու գործերը, վաղ թե ուշ դատական կարգով բացահայտվելու է իրականությունը: Մենք կոչ ենք անում բոլորին, նաեւ քննիչներին, դատավորներին, ոստիկաններին, վկաներին՝ հնարավորինս նպաստել անխուսափելի այդ գործընթացի օր առաջ կայացմանը եւ դրանով իսկ չբարդացնել իրենց հետագա կացությունը:

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

................................   

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ 

Սիրելի Սմբատ

Հայ ազգային կոնգրեսի անունից սրտանց շնորհավորում ենք քո առաջին հոբելյանի՝ 50-ամյակի առթիվ: Քո կենսագրությամբ դու ապացուցել ես, որ Արցախի եւ Հայաստանի համար խրամատներում կռվելուց սկսած` մինչեւ բարձր ու պատասխանատու պետական պաշտոններ՝ երբեք չես դավաճանել քո մարդկային ու քաղաքացիական նկարագրին: Ճակատագրի հեգնանք է գուցե, որ տասնյակ քո ընկերների հետ  անազատության մեջ ես այն երկրում, որի ազատության համար երբեւէ չես խնայել ոչինչ: Չենք կասկածում քո ոգու կորովին, չենք կասկածում այն պայքարին, որ ազատության համար է, չենք կասկածում այն հաղթանակին, որ լինելու է շատ շուտով, լինելու է վերջնական, եւ տոնելու ենք միասին:

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ